Մեր Ծրագրերը

Հովնանյան հանրային ծառայության դրամաշնորհ

Մեր Ծրագրերը

իԳործ֊ը մարզերում

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, աջակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ֆինանսավորում և իրագործում է Հովնանյան հանրային ծառայության դրամաշնորհը, որը հնարավորություն է ընձեռում իԳործ֊ի մինչև 10 բացառիկ շրջանավարտի շարունակելու իրենց աշխատանքը պետական հաստատություններում՝ իրենց պատվիրակված դերերում, ևս 12 ամսով։  

Այս ծրագրի շրջանակում Հիմնադրամը նաև նախաձեռնել է իԳործ֊ը մարզերում, որն ապակենտրոնացնում է իԳործ ծրագիրը՝ խրախուսելով մասնակիցներին իրենց տարին անցկացնել Երևանից դուրս, որտեղ մասնագետների կարիքը մեծ է։

Մոդելը փորձարկելու նպատակով իԳործ֊ի կողմից ֆինանսավորվող հինգ (5) մասնակից կգործուղվի Հայաստանի հյուսիս՝ Շիրակի մարզ, տեղի պետական կառույցների կողմից առանձնացված առաջնահերթ կարիքները հասցեագրելու նպատակով։ Այս հինգ գործուղումները կենտրոնանում են մասնագիտական հետևյալ ուղղությունների վրա․ ա) ճարտարապետ֊ինժեներ, բ) թանգարանի համադրող, գ) տուրիզմի փորձագետ, դ) մշակութային միջոցառումների կազմակերպիչ և ե) դենդրոլոգ (այգեգործ)։

իԳործ֊ը մարզերում

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հավատում է, որ իԳործ ծրագրի ապակենտրոնացումը դեպի Հայաստանի մարզեր արժեքավոր մարդկային ռեսուրսով կապահովի այն վայրերը, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։

 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի իԳործ ծրագրի մասին

իԳործ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։ Ծրագրի ներդրումից ի վեր տարեկան 50 սփյուռքահայ մասնագետ է ընտրվել Հայաստանի կառավարության տարբեր գրասենյակներում 12 ամիս ժամկետով ծառայություն մատուցելու նպատակով։  

Դիմումների և հարցազրույցի գործընթացից հետո սփյուռքի մասնագետները տեղակայվում են տարբեր ոլորտներ սպասարկող պետական կառույցներում, որոնք նրանց փորձագիտության կարիքն ունեն։ Ընտրված մասնակիցները ներդրում են ունենում պետական հաստատություններում ծրագրերի և քաղաքականությունների բարելավման և զարգացման գործում։

իԳործ ծրագրի շրջափուլն ավարտած մասնակիցների շրջանում հայրենադարձության մակարդակը 70 % է․ ծրագրի շրջանավարտներից շատերը ներկայում կարևոր դերեր են զբաղեցնում մի շարք մասնավոր և հասարակական կազմակերպություններում։ Հատկանշական է, որ վերջին երեք տարիների ընթացքում, չնայած ԿՈՎԻԴ֊ի համաճարակին, 44-օրյա Արցախյան պատերազմին և հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, իԳործ ծրագիրը մի շարք հաջողություններ է գրանցել հանրային կառավարման ոլորտում։ Մասնավորապես, ծրագրի մասնակիցներից 3-ն առաջադրվել են տնտեսության փոխնախարարի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավարի և Հայաստանի տուրիզմի խորհրդի ղեկավարի պաշտոնների համար։ Մեկ տասնյակից ավելի մասնակից աշխատանքի են անցել իրենց ոլորտին առնչվող նախարարություններում՝ որպես խորհրդատուներ և փորձագետներ։ 

իԳործ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ծրագրի, դրա ընթացիկ և նախկին մասնակիցների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցեք հետևյալ հղումով։

 

Հովնանյան հանրային ծառայության ծրագիր

2021 թվականից ի վեր Հովնանյան հանրային ծառայության ծրագիրը ֆինանսավորել է 12 հանրային կառավարման տարբեր հաստատություններում ներգրավված իԳործ-ի 24 մասնակցի, որպեսզի վերջիններս շարունակեն ծրագրում իրենց մասնակցությունը հավելյալ 12 ամսով՝ տվյալ կառույցում անփոխարինելի դեր զբաղեցնելու պարագայում։

  • բակալավրի աստիճան առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի հետ մեկտեղ, ԿԱՄ մագիստրոսի աստիճան (դրան համարժեք կամ բարձր աստիճան) առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձով, 
  • սփյուռքում անընդմեջ աշխատելու և/կամ ուսանելու առնվազն 5 տարվա փորձ,
  • Հայաստանի քաղաքացիություն չունենանալու պարագայում՝ ազգային պատկանելության հիմքով մեկ տարվա կացության իրավունք ձեռք բերելու հնարավորություն,
  • ծրագրի 12 ամիսների ընթացքում Հայաստանում ապրելու պատրաստակամություն,
  • իԳործ-ը մարզերում ծրագրի համար հայերենի վարժ իմացությունը պարտադիր է։

Հայտերի ընդունումը

Ծրագրի պահանջներին համապատասխանող անձինք կարող են դիմել՝ լրացնելով իԳործ-ի դիմում֊հայտը հետևյալ հղումով։

Խնդրում ենք գործուղման հավանական հաստատություններին առնչվող հարցի ներքո ընտրել Շիրակի մարզը։ Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նախապատրաստել հետևյալ նյութերը․

  • 2 երաշխավորական նամակ,
  • մոտիվացիոն նամակ, որում բացատրում եք, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին և ինչպես եք համապատասխանում դրա պահանջներին։ 

 

իԳործ֊ը մարզերում ծրագրի ֆինանսական փոխհատուցման փաթեթը

իԳործ-ը մարզերում ծրագրի ընտրված մասնակիցներին կտրամադրվի հետևյալը․

  • ծրագրի 12 ամիսների ընթացքում 420.000 ՀՀ դրամ ամսական նպաստ՝ ապրուստի ծախսերը հոգալու համար,
  • բժշկական ապահովագրություն,
  • մեկ տարվա կացության իրավունքի տրամադրման վճար (ՀՀ քաղաքացիություն չունեցող մասնակիցների համար),
  • մասնակցի կարիքներից և հմտություններից կախված՝ հնարավոր է նաև ավիատոմսի ծախսի փոխհատուցում։

իԳործ-ը մարզերում․ հաճախ տրվող հարցեր

  • Ծրագիրը նախատեսված է 12 ամսվա համար՝ իրատեսական ազդեցություն ապահովելու նպատակով։ Մեր համոզմամբ, ծրագրի ընթացքում նշանակալի ձեռքբերումների հասնելու համար մասնակիցներին անհրաժեշտ կլինի առնվազն 12 ամիս՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի գործունեությունն ըմբռնելու և այդ համակարգում առաջընթաց կերտելու նկատառումներով։ Հաճախ մեր մասնակիցները նշում են, որ կնախընտրեին ավելի երկար մնալ ծրագրում՝ իրենց աշխատանքի պտուղները տեսնելու համար։
  • իԳործ ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել հայկական հանրային կառավարման հաստատությունները բացահայտելու՝ իրենց մարտահրավերներով և ձեռքբերումներով։ Մեր տեսլականն է դրական փոփոխություն և հաջողված փորձառություններ բերել Հայաստանի հանրային կառավարման կառույցներ՝ գործնականում դրանց աշխատանքում լիովին ներգրավվելով։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև աշխատանքային մշակույթին, ուստի մեր մասնակիցներն իրենց սահմանափակ ժամանակը պետք է հատկացնեն նաև մշակութային փոխանակմանը։ Մենք համոզված ենք, որ և՛ ծրագրի մասնակիցը, և՛ նրա գործընկերները միայն շահում են ամենօրյա հաղորդակցումից, գիտելիքի, մշակույթի և փորձառությունների փոխանակումից, ուստի ծրագիրը հեռավար աշխատանք չի նախատեսում։
  • Քանի որ հեռավար աշխատանքը ծրագրում չի թույլատրվում, և մասնակիցները պետք է աշխատանքի հաճախեն ամեն օր, ուստի, կազմակերպչական նկատառումներով, նախընտրելի է, որպեսզի նրանք տեղափոխվեն Գյումրի։ Սա նաև այդ քաղաքում ապրելու և այն տարբեր տեսանկյուններից ճանաչելու լիակատար փորձառության հնարավորություն կընձեռի։
  • Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է նպաստ, որը նախատեսված է կեցության և այլ անհրաժեշտ ծախսեր հոգալու համար, սակայն պատշաճ կեցության վայր գտնելը ծրագրի մասնակցի պատասխանատվությունն է։
  • իԳործ-ի մասնակիցների պաշտոնական նպաստն ամսական 336.000 ՀՀ դրամ է։ Հ․ Հովնանյան հիմնադրամն առաջարկում է հավելյալ 84.000 ՀՀ դրամ իԳործ֊ը մարզերում ծրագրի ասնակիցների համար։ Մենք գիտակցում ենք, որ այս գումարը կարող է փոքր թվալ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ Հայաստանում միջին աշխատավարձը 200.000 ՀՀ դրամ է։ Ավելին՝ ծրագրի մասնակիցներին առաջարկվող ամսական նպաստն ավելին է, քան հանրային կառավարման ոլորտի աշխատողներից շատերը վաստակում են։ Նպաստը նախատեսված է մասնակիցների կեցության վայրի և մի շարք այլ հիմնարար կարիքների համար։ Հաշվի առնելով, որ ապրուստի ծախսը մարզերում Երևանից ցածր է, տրամադրվող նպաստը հավելավճարի հետ մեկտեղ բավարար կլինի ծրագրի ընթացքում հիմնարար կարիքները հոգալու համար։
  • Ինչպես նախատեսված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, իԳործ-ի մասնակիցները ծրագրի մեկ տարվա ընթացքում ստանում են 20 արձակուրդային օր՝ իրենց հայեցողությամբ տնօրինելու համար։ Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է, որ արձակուրդից զատ մնացած ժամանակահատվածն անցկացնեն Հայաստանում։
  • իԳործ-ը մարզերում ծրագիրը ամբողջ դրույքով (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9։00-ից 17-00-ը) զբաղվածություն է պահանջում։ Այն նաև Հայաստանն իր բոլոր ասպեկտներով, ներառյալ սոցիալական և մշակությաին կյանքը, ճանաչելու հնարավորություն է, ուստի ծրագրի հետ այլ աշխատանք համատեղելը չի խրախուսվում։ Այնուամենայնիվ, եթե հավելյալ զբաղվածությունը չի խոչընդոտում ծրագրում ձեր լիակատար ներգրավվածությունը՝ աշխատանքային ժամերին, շաբաթական 40 ժամ, ապա կարող եք համատեղել։
  • Ծրագրին մասնակցելու համար դուք պետք է ի վիճակի լինեք ազգության հիմքով 1 տարվա կացության իրավունք ձեռք բերել Հայաստանում։
  • Ի տարբերություն իԳործ ծրագրի, որտեղ հայերենի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, մարզերի մասնակիցների համար հայերենին տիրապետելը պարտադիր է։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի մարզերում ավելի քչերը գիտեն անգլերեն։ Ուստի աշխատակիցների հետ հաղորդակցվելու և արդյունավետորեն աշխատելու համար ծրագրի մասնակիցները պետք է իմանան հայերեն՝ ներառյալ վարժ կարդալու և գրելու հմտություններին տիրապետելը։