
Հանուն Տավուշի. Էդիլ Հովնանյանը ստացել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
Կողբ, Տավուշ, Հայաստան – Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանն արժանացել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի պատվավոր քաղաքացու կոչման: Քաղաքացիության հանդիսավոր շնորհման արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 1-ին Էդիլ Հովնանյանի՝ Կողբ հերթական այցի ժամանակ:
Երկու տասնամյակից ավել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ գյուղի բնակիչները բախվել են խմելու ջրի, համապատասխան ենթակառուցվածքների և ջրամատակարարման բացակայության հետ կապված խնդիրների, որոնց լուծումը հիմնովին փոխել և անհամեմատ բարելավել է համայնքի բնակիչների առօրյա կյանքը և գյուղի հետ կապված երկարաժամկետ ծրագրերը:
2020 թվականից Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը համագործակցում է ՀՀ Կառավարության հետ՝ սահմանամերձ գյուղերը ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով: Նախ բացահայտվում են խմելու ջրի սուր անհրաժեշտություն ունեցող գյուղերը, ապա իրականացվում է պետության հետ համաֆինանսավորում, ապահովվում է վերահսկողություն և անհրաժեշտ սպասարկում:
Հիմնադրամի՝ Կողբ ժամանած պատվիրակությունն այցի ընթացքում գնահատեց ջրամատակարարման ավարտված աշխատանքներն ու լսեց համայնքի բնակիչների պատմությունները խմելու ջրի առկայությամբ կենցաղային պայմանների բարելավման, կյանքի որակի բարձրացման, ապագայի հետ կապված պլանների մասին:
«Երբ 2005 թվականին ես առաջին անգամ ընտրվեցի Կողբի գյուղապետ, մեր գերխնդիրն էր խմելու ջրի ներքին ցանցի փոխարինումը: Որոշակի պատճառներով ջրագծի կառուցման ծրագիրը ոչ մի տեսակ առաջընթաց չէր գրանցում, իսկ այսօր խմելու ջրին հասանելիություն ունի 1300 տնային տնտեսություն: Ձեր աջակցությունը կենսական նշանակություն ունի, քանի որ արտագաղթելու կանխելու համար մեզ ընդամենն անհրաժեշտ է ջուրը գյուղացուն հասցնել», – իր շնորհակալական խոսքում նշեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբայանը:
Ի նշան երախտիքի Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կատարած աշխատանքի համար, Արսեն Աղաբաբյանն Էդիլ Հովնանյանին շնորհեց Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացու վկայականը, ինչպես նաև համայնքի գեղարվեստի դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները:
«Ջուրը կյանք է. շատ ուրախ էի այսօր անձամբ տեսնել ջրի՝ գյուղի կյանք բերած աշխուժությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի պահպանել աշխատատեղերը և ավելի ամուր կապել բնակիչներին գյուղի հետ», – ասաց Հովնանյանն ու հպարտությամբ ընդունեց պատվավոր քաղաքացիությունը:
Հիմնադրամի՝ համայնքների ենթակառուցվածքների մեջ ներդրման այս ծրագիրը Տավուշի սահմանամերձ համայնքների աջակցության երկարաժամկետ ռազմավարության մի մասն է: Տավուշի մարզի 13 համայնք ներգրավված է ջրամատակարարման ծրագրում. նախագծերից տասն արդեն ավարտվել են, ներառյալ ոռոգման համակարգերը Ակնաղբյուրում, Աչաջուրում, Չինարիում, Այգեհովիտում, Բերդավանում, Բագրատաշենում և Վազաշենում, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերը Սարիգյուղում, Խաշթառակում և վերջին՝ Կողբում իրականացված նախագիծը։
Ներկայումս ընթացքի մեջ են ևս երեք նախագծեր՝ ջրամատակարարման համակարգ Սևքարում և ոռոգման համակարգեր Դեբեդավանում և Նորաշենում։
Երկարաժամկետ ազդեցություն ունեցող այս ծրագրի շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերում գրանցվում է բարձր բերքատվություն։ Այս ամենն ամուր հիմք է հանդիսանում նաև գյուղի հետ երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար, նվազեցնում արտագաղթը։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի համայնքները՝ ներդրումներ կատարելով կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Տավուշի մարզի ջրամատակարարման նախագիծն ամենակարևոր և հիմնարարարներից է. ներկա պահին ներդրումների ընդհանուր ֆոնդը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլլարը: