Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ավելի քան 290 000 ԱՄՆ դոլար է հատկացրել COP17-ի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի և շրջակա միջավայրի և կենսաբազմազանությանն ուղղված նախագծերին
Դեկտեմբեր 18, Երևան, Հայաստան - Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ավելի քան 290 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել ինը նախաձեռնության՝ ուղղված շրջակա միջավայրի զարգացմանն ու կենսաբազմազանությանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում որոշ ծրագրերի իրականացմանը։
Նախագծերն ընտրվել են Հիմնադրամի 2025 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային փուլի 37 հայտերից և արտահայտում են բնապահպանության ոլորտի կրթությանը, մարզային համայնքներում շրջակա միջավայրի բարելավմանը, մարդ-վայրի բնություն համակեցությանն ուղղված բարեփոխումների հանդեպ ձգտումը, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք COP17-ին Հայաստանի կենսաբազմազանությունը ներկայացնելու կարևորությունը։
COP17-ի շրջանակներում իրականացվելիք ծրագրեր
«ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» ՀԿ-ն դրամաշնորհ է ստացել իր երկբաղադրիչ ծրագրի համար․ առաջինն ուղղակիորեն կապ ունի 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ի հետ և ներառում է վերամշակված պլաստիկ թափոններից 25 000 խորհրդանշական նշանների (փիների) ստեղծումն ու տարածումը։ Երկրորդ բաղադրիչի շրջանակներում 20-30 երիտասարդ բնապահպան-առաջնորդներ Հայաստանից և արտերկրից կծանոթանան Հայաստանի կենսաբազմազանությանը շրջայցերի միջոցով։ Դրանք կներառեն «կույր» թռչնադիտարկման շրջայցեր, խոտաբույսերի ճանաչման փորձառություններ և այցելություններ վերամշակման գործարաններ։
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն կստեղծի ինտերակտիվ ինստալացիա հատուկ COP17-ի համար, դրա շնորհիվ այցելուները կզգան անտառը և՛ հողի տակ, և՛ հողի վերևում։ Ինստալացիայի հիմնական նպատակը այս փորձառության, բնության և մարդու միջև հուզական կապի միջոցով մարդկանց բնապահպանական իրազեկվածության բարձրացումն է։
Շրջակա միջավայրին ուղղված դրամաշնորհեր
Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի ծրագիրը նպատակ ունի վերականգնել 20 հազար բնակիչ սպասարկող Որոտան գետի էկոհամակարգը։ Տարիների ընթացքում այն լրջորեն վնասվել է և հանգեցրել ջրիմուռների գերաճի, աղտոտման և ջրային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարման, ինչի արդյունքում առաջացել են տհաճ հոտեր, բազմանում են մոծակները և վատթարացել է ջրի որակը։
Կանգնած լինելով լուրջ բնապահպանական վտանգի առաջ՝ այլընտրանքների ուսումնասիրության արդյունքում մշակվել է նոր ծրագիր, որի իրագործմանն է ծառայելու Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տրամադրած դրամաշնորը։ Դրա շրջանակներում Կենտրոնը Չինաստանից ձեռք կբերի ջրային բուսականության ավտոմատ հավաքիչ, որը թույլ կտա անվտանգ հեռացնել ջրիմուռն ու աղբը, շարժական լաբորատոր սարք թթվածնի և աղտոտման մակարդակների վերահսկման համար, կստեղծվի ջրի որակի մոնիթորինգի համակարգ։ Կիրականացվեն էկոկրթական աշխատաժողովներ, կմշակվի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն Սիսիանի համայնքապետարանի հետ համատեղ։ Նախագիծը նախատեսում է սերտ համագործակցություն տեղական իշխանությունների, դպրոցների, երիտասարդական խմբերի և Շրջակա միջավայրի նախարարության տարածքային գրասենյակի հետ։
Boo Mountain Bike Park-ը դրամաշնորհի միջոցով Վանաձոր քաղաքում կստեղծի Լեռնային հեծանվավազքի միջազգային ասոցիացիայի (IMBA) չափորոշիչներին համապատասխան 10 կմ երկարությամբ հեծանվային և քայլարշավային արահետ։ Երթուղին գոյություն ունի իր բնական տեսքով, սակայն պահանջում է կառուցում, նշագծում և շարունակական սպասարկում։ Արահետը կլինի հանրության համար բաց, անվճար և սկիզբ կառնի Boo Mountain Bike Park սրճարանի տարածքից։
Նախագիծը ներառում է նաև կրթական և համայնքային ներգրավման բաղադրիչ․ արահետի երկայնքով կտեղադրվեն 15 տեղեկատվական կանգառներ, որոնց նպատակը կլինի ներկայացնել շրջակա միջավայրի և կենսաբազմազանության առանձնահատկությունները, իսկ 20 տեղացի երիտասարդներ կվերապատրաստվեն որպես էկո-դեսպաններ՝ բնապահպանական բնապահպանական իրազեկվածությունն ու խնամքը խթանելու նպատակով։
Կրթություն և կարողությունների զարգացում
Հայաստանի ծառատունկ ծրագիրը դրամաշնորհի աջակցությամբ կընդլայնի իր «Էկո ակումբները»․ մեկ տարվա ընթացքում նախագծի շրջանակում կստեղծվեն 6 նոր Էկո ակումբներ՝ ընդգրկելով միջին և ավագ դպրոցների շուրջ 180 աշակերտների։ Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդներին հասկանալու, քննարկելու և գործելու Հայաստանի բնապահպանական մարտահրավերների շուրջ, ինչպիսիք են անտառահատումները, թափոնների կառավարումը և կենսաբազմազանության կորուստը, զինել նրանց հմտություններով և մոտիվացիայով՝ իրական կյանքում կիրառելի բնապահպանական լուծումներ մշակելու համար, միաժամանակ ուժեղացնելով դպրոցների և համայնքների ներգրավվածությունը՝ COP17-ին ընդառաջ։
Դրամաշնորհային այս ծրագրի ընթացքում կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստումներ, աշակերտները կմասնակցեն գործնական դասերի, ինչպես նաև էկո ճամբարի՝ հմտությունները խորացնելու նպատակով։
Արփա բնապահպանական հիմնադրամի նախագիծը նպատակ ունի բարելավել շրջակա միջավայրի վիճակը և խթանել կայուն զարգացումը Վայոց Ձորի Արենի համայնքում գործնական, կրթական և ենթակառուցվածքային միջոցառումների շնորհիվ։ Նախագծի նպատակը համայնքում բնական ռեսուրսների՝ ջրի, հողի և էներգիայի կառավարման տեսանելի և չափելի փոփոխություններ իրականացնելն է։ Ծրագրի չորս բաղադրիչներից երկուսը լիովին ֆինանսավորվելու են Հիմնադրամի դրամաշնորհով, մյուսը՝ մասամբ, մասնավորապես նախատեսվում է մոտ 100 գյուղական բնակչի համար կազմակերպել դասընթացներ էկո-սարքավորումների, օրգանական գյուղատնտեսության, արոտավայրերի կառավարման և հողերի խնամքի թեմաներով, ինչպես նաև արևային պանելների տեղադրում ընտրված դպրոցում կամ մանկապարտեզում՝ որպես աջակցություն համայնքին վերականգնվող էներգիային անցում անելու ճանապարհին։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն և Սոնիա Ակիան գիտության և ճարտարագիտության քոլեջի ներկայացրած ծրագիրը նպատակ ունի վերապատրաստել և հզորացնել ՀայՀիդրոմետի և Հիդրոօդերևութաբանության աշխատակիցներին, ինչպես նաև վերլուծել Սևանա լճի ջրաքիմիական տվյալները։ Արդյունքները կծառայեն ազգային ռազմավարության մշակմանը և կներկայացվեն հրապարակմանը միջազգային, մասնագիտական, հետազոտական ամսագրերում։
Կենսաբազմազանությանն ուղղված դրամաշնորհեր
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մեկամյա ծրագիր կիրականացնի Վայոց ձորի Արենի համայնքում՝ նպատակ ունենալով խթանել մարդ-վայրի բնություն համակեցությունը և նվազեցնել կոնֆլիկտները։
Կրկրկնօրինակելով հիմնադրամի՝ Եղեգիսում ձեռքբերված հաջողությունը՝ Արենիում կտեղադրվեն արջերից պաշտպանվելու 10 էլեկտրական ցանկապատ, որոնք կպաշտպանեն 2 000–2 500 մեղվափեթակներ։ Առնվազն 150 բնակիչ կմասնակցի վայրի կենդանիների հետ համակեցության, թափոնների կառավարման վերաբերյալ դասընթացների, կիրականացվի Հայաստանի առաջին կառուցվածքային վայրի բերքահավաքի գնահատումը՝ չափելու, թե ինչպես է հատապտուղներ, ընկույզ հավաքելը ազդում վայրի բնության սննդի մատչելիության վրա։
«Միասին հիմնադրամ»-ին տրամադրած դրամաշնորհի շրջանակներում կստեղծվի էկոլոգիական կրթության լաբորատորիա և լեռնային արհբորետում Շիրակի մարզում, Արփա լճի մոտ։ Ծրագրի նպատակն է վերականգնել երկու հեկտար հող՝ տեղի կլիմայական պայմաններին հարմարված տեսակներով, այդ թվում ստեղծել բժշկական և ալպիական բույսերի այգի։
Մոտավորապես 600 աշակերտներ 30 դպրոցներից և քոլեջներից կմասնակցեն աշխատարանների և ուղեկցվող այցելությունների, իսկ 200 կանայք և երիտասարդներ սահմանամերձ գյուղերից դասընթացներ կանցնեն շրջանաձև տնտեսության, անտառավերականգնման և էկոտուրիզմի ոլորտներում։
«Այս ինը նախագծերից երկուսը գալիք տարի Հայաստանում կայանալիք COP17ի կարևոր մասնիկներն են լինելու, մյուս նախաձեռնություններն ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության ու շրջակա միջավայրի զարգացմանը։ Բոլոր այս ծրագրերը արտացոլում են մեր Հիմնադրամի երկարաժամկետ ազդեցություն և երկարաժամկետ զարգացման տեսլականը», - նշել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։
***
1986 թվականին ստեղծվելուց ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հատկացրել է ավելի քան 100 միլիոն դրամ՝ հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ ուղղվածությունների նախագծերի իրականացման համար՝ առաջնահերթ աջակցություն տրամադրելով աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշեն շրջաններում գործող կազմակերպություններին։
