Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդլայնում է իր գործունեությունը. կազմակերպությունը մշտական ներկայություն կապահովի Վանաձորում
Երևան, Հայաստան - [29.07.2024] Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ կարևորելով մարզերի զարգացումը, ընդլայնում է գործունեության աշխարհագրությունն ու մշտական ներկայություն ապահովում Վանաձոր քաղաքում իր ծրագրերի՝ «Դեպի Հայք» հիմնադրամի և «Հայ կամավորների միություն» ՀԿի համար։ Երկու ծրագրերի համար նախատեսված նորաբաց գրասենյակը կսկսի ծառայել կամավորներին այս ամռանը և կլինի նրանց աշխատանքային, ժամանցային, ինչպես նաև նաև ժամանակավոր կեցության վայր։
«Պատմականորեն մեր ծրագրերից երկուսը՝ «Դեպի Հայք» հիմնադրամը և «Հայ կամավորների միություն» ՀԿն եղել են Վանաձորում, բայց եղել են սեզոնային։ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նոր, հարմարավետ շինություն է գնել Վանաձորում իր երկու ծրագրերի գործունեությունները երկարաժամկետ դարձնելու, ավելի մեծ թվով կամավորներ ներգրավելու և ՀՀ մարզերում աշխարհագրականորեն տարածվելու նպատակով։
Սեփական շենքի ձեռբերմամբ ընդլայնում ենք նաև կամավորների համար հնարավորությունների դաշտը։ Այն ծառայելու է շուրջօրյա. աշխատանքային (co-working) տարածք լինելուց զատ կամավորների ժամանցի և շփման վայր, վերջ ի վերջո՝ տուն է լինելու։ Նշեմ, որ սա՝ Երևանի և Գյումրու հետ համեմատած, «Դեպի Հայք»-ի ամենաթարմ, ամենագեղեցիկ և ամենագրավիչ տարածքն է։ Այստեղ ստեղծված է ամեն ինչ՝ Վանաձորում կամավորելու համար միջավայրը լավագույնը դարձնելու համար»,- ասում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Մխիթար Հերացի 53 հասցեում գտնվող նոր գրասենյակն ապահովում ու հաստատում է հիմնադրամի մշտական ներկայությունը Վանաձորում և ավելի բազմազան, բազմազբաղ է դարձնում ծրագրերի մասնակիցների և՛աշխատանքային կյանքը, և՛ առօրյան։
«Մեր վարձակալած շենքը ծառայել է իր գործին տարվա ընթացքում հինգ-վեց ամիս, իսկ սա արդեն մեր տունն է: Այն տաք պիտի պահենք, դուռն էլ փակել չենք կարող։ Մենք հիմա շատ ավելի ուժեղ ենք, պատրաստ՝ շուրջամյա ծրագիր անելու։ Սա Լոռու մարզում մեր առաջին կետն է. Հայաստանը չի կարող լինել երևանակենտրոն, մարզերն ունեն իրենց կարևոր տեղը։ Աշխույժ երկրում պիտի ունենաս աշխույժ համայնքներ. Վանաձորը պիտի լինի մրցունակ, և շենք ձեռք բերելն այդ ուղղությամբ գործնական քայլ է։
Մենք սկսեցինք Երևանում, ապա գնացինք Գյումրի և շարունակում ու շարունակելու ենք գնալ մարզեր»,- ասում է «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանը։
Հիմնադրամի շուրջ քսանամյա փորձը Երևանում և Գյումրիում ցույց է տվել, որ սեփական գրասենյակի առկայությունը մեծ խթան է հանդիսանում կամավորների՝ տվյալ տարածաշրջանում երկարաժամկետ մնալու և մշտապես հաստատվելու՝ հայրենադարձվելու համար։
Նորաբաց գրասենյակը նոր հնարավորություններ է ստեղծում նաև «Դեպի Հայք»-ի և «Հայ կամավորների միության» շրջանավարտների համար. ապագայում երկրորդ հարկը կծառայի նրանց, ովքեր ցանկություն կունենան կամավորության ավարտից հետո հաստատել երկարաժամկետ կացություն ՀՀում՝ դիմելով «Ճանապարհ դեպի Հայաստան»/ "Pathway to Armenia program" ծրագրին։ Տարածքը հասանելի պայմաններով, մինչ երեք ամիս ժամկետով բնակության վայր կդառնա ծրագրի շրջանավարտների համար։ Հնարավորությունը նրանց համար է, ովքեր միտք ունեն տեղափովել Վանաձոր և կարիք ունեն առաջնային աջակցության։ Այս քայլով հիմնադրամը սատարում է կամավորների հայրենադարձմանը հենց Վանաձոր։
Հիմնադրամի նոր տարածքը հնարավորինս աշխույժ պահելու նպատակով «Դեպի Հայք»-ը կընդարձակի իր գործունեությունը նաև տեղի ՀԿների հետ՝ տարածքը նրանց հետ համագործակցությանը ծառայեցնելու միջոցով։ Ծրագրերում ընդգրկված մասնակիցների մեծ մասը կամավորում են հենց ՀԿներում, իսկ Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շահագրգռված է հայաստանյան ՀԿների զարգացմամբ, այդ նպատակով աջակցում է նրանց նաև դրամաշնորհերի տրամադրմամբ։ Այսպիսով, նոր կառույցը հնարավորություններ կստեղծի ինչպես Հիմնադրամ-ՀԿներ համագործակցության համար, այնպես էլ նոր դռներ կբացի ՀԿների զարգացմանը։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն իր ծրագրերի հետ միասին մարզերում տարածվելու ուղեգիծ է վերցրել. նրանց գործունեությունը հնարավորինս ուղղված է լինելու մարզերի զարգացմանը: ՀՀ այլ համայնքներում ներկայության մասին հիմնադրամը կտեղեկացնի նոր հաղորդագրությամբ։