Back

302,000 ԱՄՆ դոլարի ներդրում` Հայաստանի աշխատուժի զարգացման նպատակով

Մամլո հաղորդագրություններ
13 March 2025

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ներկայացնում է յոթ հաղթող դրամաշնորհային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, Հայաստան, 2025թ. մարտի 13Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հայտարարում է 2024թ. չորրորդ եռամսյակի՝ Հայաստանի աշխատուժի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հաղթողների մասին։ Հիմնադրամն ընտրել է յոթ բացառիկ ծրագրեր, որոնք ներկայացրել են ազդեցիկ և նորարար լուծումներ՝ հաղթող ճանաչելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), «ՋԻՆՋ» ընկերության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Մենք ենք մեր սարերը»-ի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի և «ԷԿՍԵՈ» կրթության և կարիերայի զարգացման հիմնադրամի առաջարկած ծրագրերը։ Այս նախաձեռնությունները միասին 302,000 ԱՄՆ դոլարի ներդրում են՝ ուղղված Հայաստանի աշխատուժի զարգացմանը։

Հայտարարված դրամաշնորհային ծրագրի նպատատակներն էիր մեծահասակների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացումը, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինումը, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավումը և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդումը։ Այս դրամաշնորհային նախաձեռնության նկատմամբ հետաքրքրությունը բացառիկ էր. ստացվել է 82 հայտ։ «Սա մեր ամենամրցակցային դրամաշնորհային եռամսյակներից էր։ Մենք առաջնահերթություն տվեցինք ծրագրերին, որոնք ներկայացրել էին իրականացման և կայունության ապահովման հստակ պլաններ, չափելի ու ազդեցիկ վերջնարդյունքներ և լրացնում են ընթացիկ կամ պլանավորված լայնամասշտաբ ռազմավարական ծրագրերը»,-նշեց Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։

ՀԱՊՀ-ն իր դրամաշնորհային ծրագրի շրջանակում վերապատրաստելու է 100 մասնագետի և ապահովելու նրանց աշխատանքի հնարավորությունը էներգետիկ աուդիտի ոլորտում։ Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանում առաջիկայում ուժի մեջ մտնող պարտադիր էներգետիկ աուդիտի մասին օրենքին, որի համաձայն բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները պարտավորվելու են անցնել էներգետիկ աուդիտ։ Միևնույն ժամանակ, «ՋԻՆՋ» կազմակերպությունը, որն ունի 30 տարվա փորձ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, Տավուշի մարզում վերապատրաստելու է համայնքային կոմունալ բաժինների մասնագետներին՝ ջրային համակարգերի կառավարման և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունն ամրապնդում է Տավուշի սահմանամերձ գյուղերի ջրային համակարգերի մեջ Հիմնադրամի ընթացիկ ներդրումների շարունակականությունը։

Սյունիքի մարզի աշխատուժին աջակցելու նպատակով ՀՕՖ-ի դրամաշնորհային ծրագիրը կվերապատրաստի 50 մասնակցի արևային էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում՝ աշխատանքի ապահովման հնարավորությամբ։ Ի լրումն՝ ծրագրի շրջանակներում Սիսիանում և Գորիսում գործող երկու կրթական հաստատություններում կստեղծվեն Էներգետիկ Կրթության Կենտրոններ։ Սյունիքի մարզում իրականացվող մեկ այլ ծրագրի շրջանակում «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը Տաթևի համայնքում կաջակցի 50 արցախցի ընտանիքի և տեղացիների՝ խթանելով ձեռնարկատիրությունը և մասնագիտական հմտությունների զարգացումը։

Մասնագիտական կրթական հաստատությունների հզորացման շրջանակում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նախատեսում է վերապատրաոստձել 80 դասախոսների՝ շեշտադրելով հետազոտական ուսուցումը, թվային գրագիտությունը և նախագծային ուսուցումը։ Իսկ բարձրագույն կրթության ոլորտում Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը կմշակի ինքնուսուցման էլեկտրոնային հարթակ, որը կօգնի ուսանողներին արդյունավետ կազմակերպել աշխատանքի որոնման գործընթացը։ Բացի այդ, կազմակերպությունը կվերապատրաստի համալսարանների կարիերայի կենտրոնների աշխատակիցներին՝ նրանց հմտացնելու հարթակի արդյունավետ օգտագործման և ուսանողներին կարիերայի զարգացման հարցում ճիշտ ուղղորդելու համար։

Եվ վերջում, «ԷԿՍԵՈ» հիմնադրամը իր դրամաշնորհային ծրագրի միջոցով նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը՝ դասավանդման որակի բարձրացման և ակադեմիական գերազանցության խթանման համար։

Հիմնադրամն այս պահին ընդունում է իր՝ 2025թ․ առաջին եռամսյակի դրամաշնորհային առաջարկները՝ ուղղված Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավմանը՝ կենտրոնանալով մարզերի վրա։ Այս հնարավորությունը բաց է մինչև 2025թ․ մարտի 31-ը, և առաջնահերթությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք միտված են ուսուցիչների և վարչական անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը, դպրոցներում կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը և կրթական միջավայրների փոխակերպմանը։ Դրամաշնորհների նպատակների, հայտադիմումների ընթացակարգերի և առաջիկա թեմատիկ ուղղությունների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.hovnanianfoundation.org։

1986 թվականից ի վեր Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը տրամադրել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների։ Հիմնադրամի առաջնահերթությունն է եղել ինչպես հայկական համայնքներին, այնպես էլ Նյու Ջերսիի Մոնմութ և Օուշըն շրջանների կազմակերպություններին աջակցելը։