Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն. գրեթե 1,000 կմ երկարությամբ երկրի հյուսիսից հարավ ձգվող Հայաստանի ազգային արահետի պաշտոնական կայքն այլևս իրականություն է
Երևան, Հայաստան – HIKEArmenia-ն շարունակում է կառուցել իր ամենախոշոր և երկարաժամկետ նախագիծը՝ Հայաստանի ազգային արահետը (ՀԱԱ)։ Այն գրեթե 1,000 կիլոմետր երկարությամբ գյուղից գյուղ անցնող քայլարշավային երթուղի է, որը ձգվելու է Հայաստանի հյուսիսից հարավ` միավորելով Հայաստանի բնությունը, համայնքները և մշակութային ժառանգությունը մեկ միասնական երթուղու մեջ։
Այսօրվանից հանրությունը կարող է հետևել և ուսումնասիրել Հայաստանի ազգային արահետի նոր պաշտոնական կայքը` https://www.armeniannationaltrail.org/, որը լինելու է արշավականների հիմնական պլանավորման գործիքը։ Արշավորդները կկարողանան նախապես ուսումնասիրել երթուղիները, ներբեռնել արահետի յուրաքանչյուր հատվածի կամ ամբողջ մարզի քարտեզները, ստանալ ամբողջական տեղեկատվություն, այն է՝ գիշերակացի և սննդի հնարավորություններ երթուղու երկայնքով գտնվող համայնքներում, ստանալ արահետի վիճակի վերաբերյալ թարմացումներ և ծանոթանալ մարզերում հասանելի տեղական փորձառություններին։
HIKEArmenia-ի կողմից իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից, և ամրապնդվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրերով։
Արահետի ամբողջական կառուցումը նախատեսված է մինչև 2030 թվականի վերջը։ Ավարտուն տեսքով այն կմիավորի 109 համայնք հինգ մարզերում՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Կազմակերպությունը ստանձնել է նաև արահետի պահպանության ու բարեկարգման հանձնառությունը կառուցման ավարտից հետո։
Հայաստանի ազգային արահետը միայն քայլարշավային երթուղի չէ։ Այն հնարավորություն է Հայաստանի համար՝ տարածաշրջանում ամրապնդվելու որպես միջազգային քայլարշավային ուղղություն և միաժամանակ ստեղծելու նոր հնարավորություններ մարզերի, գյուղական համայնքների և տեղական բիզնեսների համար: Ի դեպ, Հայաստանի ազգային արահետը նոմինացվել է Աշխարհի արահետների մրցանակաբաշխությանը` Արվեստների ու մշակութային ժառանգության ներկայացման անվանակարգում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք Աշխարհի արահետների կոնֆերանսում (World Trails Conference), որտեղ պրոֆեսիոնալ արշավական համայնքը համախմբվում է՝ կարևորելու արահետների ուժը մարդկանց ու մշակույթները միավորելու գործում:
«Արշավականները կկարողանան ճանապարհորդել Հայաստանով՝ մնալով տեղի հյուրատներում և իրենց հետ կրելով միայն տվյալ օրվա համար անհրաժեշտ իրերը՝ շնորհիվ արահետի գյուղից գյուղ կառուցվածքի։ Կայքը այցելուներին հնարավորություն կտա նախապես ամբողջությամբ պլանավորել իրենց երթուղին և պատրաստվել ամբողջ ճանապարհորդությանը», ասաց HIKEArmenia-ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը։
Արահետը սկսվում է Լոռու մարզի Ախթալա համայնքից, անցնում է Տավուշով, Գեղարքունիքով և Վայոց ձորով, և ավարտվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ Շուրջ 1,000 կիլոմետր երկարությամբ երթուղին անցնում է անտառային գոտիներով, կիսատափաստանային լանդշաֆտներով, ժայռոտ հատվածներով, գետահովիտներով և Հայաստանի հարավի լեռնային տարածքներով՝ մեկ երթուղու մեջ ներկայացնելով երկրի բնական բազմազանության մեծ մասը։
Արահետը խթանում է գյուղական զարգացումը և էկոտուրիզը: Գյուղեր և փոքր քաղաքներ այցելուներ բերելով՝ ՀԱԱ-ն նոր հնարավորություններ է ստեղծում տեղական հյուրատների, սննդի մատակարարների, ուղեկցորդների, արհեստավորների, տրանսպորտային ծառայությունների և փոքր բիզնեսների համար։ Համայնքները քայլարշավային երթուղիներով կապելով՝ նախագիծը նպատակ ունի աջակցել տեղական ձեռներեցությանը, ստեղծել սեզոնային զբաղվածության հնարավորություններ և հիմնել համակարգային ենթակառուցվածքներ։
***
HIKEArmenia ՀԿ-ն զարգացնում և խթանում է քայլարշավային մշակույթը Հայաստանում՝ արահետաշինության, էկոտուրիզմիև համայնքային համագործակցության խթանման միջոցով։ Ստեղծելով հասանելի արշավային փորձառություններ և աջակցելով մարզային զբոսաշրջության զարգացմանը՝ HIKEArmenia-ն աշխատում է ամրապնդել տեղական համայնքները և Հայաստանն աշխարհում դիրքավորելորպես առաջատար քայլարշավային ուղղություն։








