«իԳործ» 2024 ծրագիրը ընդլայնում է իր աշխարհագրությունը
Երևան, Հայաստան – 2024 թ․-ին Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության շրջանակում մեկնարկել է «իԳործ մարզերում» ծրագիրը։ Ծրագիրը, որի փորձնական փուլը իրականացվում է Շիրակի մարզում, միտում ունի ընդլայնվել դեպի ՀՀ այլ մարզեր։ Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել մարզերի զարգացմանը:
«իԳործ ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աշխատելու Երևանից դուրս, որտեղ մասնագիտական փորձի ներդրման պահանջարկը ավելի մեծ է։ Միանշանակ այս փորձառնությունը կարող է խթանել մարզի զարգացմանը և նպաստել հայրենադարձությանը», - նշում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քարին Յաքուբյանը։
Հիմնվելով «իԳործ» ծրագրի հաջողության վրա՝ «իԳործ մարզերում» ծրագրի շրջանակում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորել ևս 5 մասնակիցների, ովքեր տիրապետում են հայոց լեզվին և ցանկանում են բնակություն հաստատել Շիրակի մարզում նվազագույնը մեկ տարի ժամկետով և ծավալել մասնագիտական գործունեություն։
«իԳործ մարզերում» ծրագրի առաջին մասնակից Էֆֆի Քարաջյանը, ով արդեն իսկ աշխատում է Գյումրու համայնքապետարանում՝ զարգացնելու քաղաքի մշակութային և հասարակական կյանքը, վստահ է՝ Հայաստանը ոչ միայն Սփյուռքի աջակցության կարիքն ունի, այլև հայրենադարձների, ովքեր կգան հայրենիք իրենց ապագան կերտելու։»
«իԳործ մարզերում» 2024 ծրագրի հայտը կարող եք լրացնել այստեղ։
Շիրակի մարզպետարանում և Գյումրու համայնքապետարանում հասանելի հաստիքներն են՝ ճարտարապետ-ինժեներ, դենդրոլոգ, թանգարանի համադրող, զբոսաշրջության փորձագետ և մշակութային միջոցառումների մենեջեր։
2021 թ․-ից ի վեր Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է իԳործ ծրագրի 24 մասնակիցներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց շարունակելու ծրագիրը ՀՀ պետական կառավարման համակարգի 20-ից ավելի մարմիններում ևս 12 ամիս:
***
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 1986թ․ ի վեր աջակցել է բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և տնտեսական բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է նպաստել համայնքների զարգացմանը Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև հովանավորել Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշի շրջաններում գործող կազմակերպություններին: