
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում է տրամադրել անհատական դրամաշնորհեր:
Հայկական սամբոյի կանացի դեմքը
17-ամյա Միլենա Առաքելյանը բնակվում և մարզվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Նա մեկն է համայնքում ապրող այն երիտասարդներից, որոնք ունեն բավարար ներուժ, կարողություններ, համարձակ երազանքներ և դրանց իրականացման ճանապարհին՝ սատարման կարիք: Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհի աջակցությամբ այս տարի հոկտեմբերին Միլենան մեկնեց արտերկիր՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում:Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների՝ Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած Աշխարհի առաջնությանը նա իրականացրեց իր երազանքը՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հիմնադրամի սատարման և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Միլենան ապացուցեց, որ մրցունակ ու տոկուն են նաև գյուղական համայնքների բնակիչները:
«Հ. Հովնանյան հիմնադրամի աջակցության շնորհիվ զարգացրեցի հմտություններս, բարձրացրեցի ինքնավստահությունս սպորտի մեջ, մի քանի քայլ առաջ մղեցի կարիերաս և նպատակներս», - ասում է Միլենա Առաքելյանը:
Նրա ձեռքբերումը մեկն է այն պատմություններից, որոնք ներկայացնում են Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհների կարևորությունը: Դրանց նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի և սփյուռքի տաղանդավոր հայերին՝ ներկայանալու տարատեսակ միջազգային հարթակներում, ինչպիսիք են մրցույթները, գիտաժողովները, ցուցահանդեսները, փառատոները և այլն: Դրամաշնորհը ծածկում է շահառուի մի շարք ծախսեր՝ ներառյալ միջոցառման մասնակցության գումարը, ճամփորդության և միջքաղաքային երթևեկության ծախսերը, կեցությունը, սնունդը, անհրաժեշտության դեպքում այլ ծախսեր:
Հայ ժամանակակից ֆիլմը՝ միջազգային «բեմահարթակում»
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհները նախատեսված են հայկական ծագում ունեցող այն անհատների և խմբերի համար, որոնք ներկայանում են միջազգային յուրահատուկ հարթակներում և միջոցառումներին: Դրանք տրվում են տարաբնույթ ոլորտներ ներկայացնող թեկնածուների, ինչպիսիք են՝ ուսանողները, դասախոսները, մարզիկները, ակադեմիկոսները, արվեստագետները և այլն: Դրամաշնորհի նպատակն է հնարավորություն ընձեռել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին՝ անկախ նրանց տարիքից, դրսևորել իրենց վարպետությունն ու գիտելիքները մրցույթներին,գիտաժողովներին,փառատոներին և այլ նշանակալի միջոցառումներին՝ միաժամանակ ներկայացնելով հայկական տաղանդն այդ ասպարեզներում:
Կինոռեժիսոր Զառա Ջյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը երկար տարիներ բնակվել են Հայաստանից դուրս, ապա վերադարձել հայրենիք: Նրանց՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը Հիմնադրամի անհատական դրամաշնորհի աջակցությամբ ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր և ամենահին Վենետիկի 81-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այն նվիրված է հայ հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հիշատակին, ում ֆիլմերի և այլ ստեղծագործությունների անհունությունն առ այսօր ոգեշնչում է բազմաթիվ արվեստագետների՝ անկախ նրանց տարիքից և ազգությունից:
«Ֆիլմի միջոցով դիտողը ոչ միայն իմանում է Փարաջանովի մասին, այլ նաև տեսնում է 2020 թվականի Արցախյան և 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմների իրադարձությունները: Ֆիլմի հերոսներն, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Էմին Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, Չուլպան Խամատովան, Լորա Գուերան և այլոք, ունեն սեր դեպի Փարաջանովը և ներկայացնում են նրան որպես միջազգային արտիստի», - ասում է ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը:
Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հենց փառատոնին՝ ցուցադրվելով պատվավոր «Դասականներ» բաժնում: Միաժամանակ այն դարձել է վերջին շուրջ 45 տարում այս միջոցառմանը ներկայացված հայկական մեծամասնություն ունեցող առաջին ֆիլմը:
«Հիմնադրամի աջակցությամբ մենք պատշաճ ներկայացանք այս մեծ և կարևոր միջոցառմանը: Ֆիլմի մասին պատմեցինք այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են Hollywood reportը, BBCն և այլն: Մասնակցությունը փառատոնին համարում ենք հաղթանակ և ևս մեկ հիշեցում աշխարհին Փարաջանովի մասին, մեր արմատների և մեր մշակույթի մասին», - ներկայացնում է մասնակցության կարևորությունը Զառա Ջյանը:
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհը հնարավորություն է տվել ոչ միայն մասնակցել փառատոնին, նաև հեղինակավոր մեծ հարթակում ապացուցել. անգամ Փարաջանովի ծնունդից 100 տարի անց հայկական կինոն աշխարհին ասելիք ունի:
Պաշտպանել հայերի իրավունքները և լսելի դարձնել նրանց ձայնը
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ԻԳԹ, Միացյալ Թագավորության Էդինբուրգի համալսարանի իրավունքի մագիստրոս Առնոլդ Վարդանյանը ելույթ է ունեցել Քեմբրիջի համալսարանում, իրավագետ-գիտնականների առաջ: Իր՝ «Լեռնային Ղարաբաղում ավելի քան երեսուն տարվա զինված հակամարտության հետևանքները. հաղթահարելով խոչընդոտները դեպի խաղաղ և կայուն լուծումներ Հարավային Կովկասում» հոդվածը ներկայացրել է շուրջ 120 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումը Արցախից 2023 թվականի սեպտեմբերին:
Ելույթ ունենալով Քեմբրիջի համալսարանի միջազգային իրավունքի ամսագրի 13-րդ ամենամյա համաժողովին, որը կրել է «Խաղաղության և կայունության հարաբերակցությունը միջազգային իրավունքում» խորագիրը, Առնոլդ Վարդանյանը դարձել է մեկն այն քսաներեքից, ում աշխատությունը մրցութային կարգով ընտրվել է 230-ից՝ համաժողովին ներկայացվելու համար: Նրա հոդվածն անդրադարձել է հակամարտության պատմական և իրավական խնդիրներին, դրանց հետևանքներին, միջազգային միջնորդության ձախողումներին, մարդկանց իրավունքների չկարգավորված խախտումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության արդի խնդիրներին:
Համաժողովը բացառիկ հնարավորություն է տվել բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը Լեռնային Ղարաբաղի համակամարտության և դրա հետևանքով մարդկանց իրավունքների խախտման վերաբերյալ:
«Ցավոք, Ադրբեջանի մոլորեցնող տեղեկությունների ֆոնին միջազգային հանրությունը շատ հաճախ ստույգ տեղեկության կարիք ունի: Այդ իմաստով այս համաժողովը կարևոր հարթակ էր մեր ձայնը լսելի դարձնելու համար», - ասում է Առնոլդ Վարդանյանը:
Նրա գիտական ձեռքբերումները և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհն ապահովեցին մասնակցությունը համաժողովին, որտեղ հնարավոր եղավ ներկայացնել Արցախյան հակամարտության պատմությունը:
Առնոլդ Վարդանյանի զեկույցը ոչ միայն ներկայացրել է հակամարտության բուն պատմությունը, նաև հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալ եղելության ողջ խորության և լրջության հետ:
«Իմ ելույթից հետո մի քանի մասնակիցներ ասացին, որ ճիշտ է՝ տեղյակ են եղել հակամարտությունից, բայց երբեք չեն պատկերացրել, թե ինչպիսին է եղել իրականությունը հենց Արցախում», - պատմում է Առնոլդ Վարդանյանը:
Առնոլդ Վարդանյանի աշխատությունն իր տեղն է գտել Քեմբրիջի համալսարանի միջազգային իրավունքի ամսագրի պաշտոնական կայքում:
Աջակցություն՝ սահմաններից դուրս
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տրամադրած յուրաքանչյուր դրամաշնորհ վառ ներկայացնում է կազմակերպության տեսլականը, այն է՝ նպաստել ոչ միայն հայ անհատի հաջողությանը, նաև ներկայացնել Հայաստանը և նրա ներուժը միջազգային հարթակներում:
Դրամաշնորհը երկարատև ազդեցություն ունի և՛ մասնակցի համար, քանի որ նպաստում է նրա մասնագիտական առաջխաղացմանը, և՛ Հայաստանի ու հայկական սփյուռքի, քանի որ բարձրացնում է հայ համայնքի հեղինակությունը և նրա հաջողությունների մասին տեղեկացվածությունը:
«Դրամաշնորհը չունի տարիքային ոչ մի շեմ. դիմել կարող են ցանկացած տարիքի, տարածաշրջանի, ոլորտի ներկայացուցիչ-հայեր ամբողջ տարվա ընթացքում: Մեզ համար կարևոր է դիմողի փորձը, նրա ասելիքի կարևորությունը միջազգային հանրության համար», - ասում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քարին Յաքուբյանը:
Միլենայի, Զառայի, Անիի և Առնոլդի հաջողության պատմությունները մի քանիսն են հաջող այն պատմություններից, որոնք կերտվել են Հիմնադրամի աջակցությամբ, և մի քանիսն են այն պատմություններից, որոնք կարող են ոգեշնչել Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի՝ կանգ չառնել երազանքների ճանապարհին:
Հիմնադրամը շարունակում է սատարման իր այս ճանապարհը և դրամաշնորհին դիմելու բաց կանչ է հայտարարում. եթե ազգությամբ հայ ես, ունես տաղանդ և դա դրսևորելու արդեն գծած ուղի, Հովնանյան հիմնադրամի անհատական դրամաշնորհը կաջակցի այդ ուղին հաջողությամբ անցնելու համար:
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն իր հայկական անհատական դրամաշնորհները տրամադրում է 2023 թվականի հուլիսից: Առ այսօր այն ստացել են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող և տարաբնույթ բնագավառներում տաղանդ ունեցող շուրջ 150 հայեր: 2024 թվականին Հիմնադրամը տրամադրել է 200 հազար ԱՄՆ դոլարի հայկական անհատական դրամաշնորհեր:
Դրամաշնորհին դիմելու կարգին ծանոթանալու համար այցելեք Հիմնադրամի պաշտոնական կայք: