Թանիայի այգին։ Կենդանի հարգանքի տուրք Թանիա Շիշմանյանին (1960-2021)

Նորություններ
7 October 2025

Երևանի բուսաբանական այգու վառ կանաչապատ տարածքի 65 000 քառակուսի ոտնաչափ մակերեսով հատվածն այժմ կրում է հատուկ անուն։ 

Ծաղիկներով, ծառերով և ոլորապտույտ արահետներով լի Թանիայի այգին կենդանի հարգանքի տուրք է նրա՝ ծառայության և հոգատարության վրա հիմնված կյանքին։ Այգում քայլելիս կարելի է զգալ նույն իմաստալից ջերմությունը, որը ճառագում էր Թանիա Շիշմանյանը։ 

Թանիան իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելուն, հատկապես որպես Հայ կամավորների միության (ՀԿՄ) գործադիր տնօրեն՝ 2011-ից մինչև 2021 թվականի իր անժամանակ մահը։ Նա օգնել է հարյուրավոր մարդկանց գտնել իրենց տունն ու նպատակը Հայաստանում՝ ընդունելով նրանց ոչ թե որպես զբոսաշրջիկների, այլ որպես ընտանիքի։ Թանիան ղեկավարում էր նրբագեղության և մանրուքների նկատմամբ հազվագյուտ ուշադրության համադրությամբ. նա պարզում էր յուրաքանչյուր կամավորի կարիքը, անձամբ ողջունում էր նոր ժամանածին և հիշում բոլորի պատմությունները։



Ծառայության և նվիրումի կյանք 

Թանիան ծնվել է Վանկուվերում 1960 թվականին, մեծացել է Մոնրեալի եռալեզու հայկական ընտանիքում: Այս բազմաշերտ ինքնությունը նրան թույլ է տվել հեշտությամբ ինտեգրվելտարբեր համայնքներում։ 

Նա աշխատել է Վաշինգտոնում՝ օգնելով ապահովել ԱՄՆ-ի կոմղի միլիոնավոր դոլարների աջակցություն  հետխորհրդային Հայաստանին: 1994-ին իր առաջին այցի ժամանակ նա տեսավ մի երկիր, որը պայքարում էր, բայց լի էր ոգով։ Շատերը հեռանում էին, իսկ նա ընտրեց վերադառնալը։ 

2009 թվականին նա և իր ամուսինը՝ բալետի հայտնի վարպետ Ռուդոլֆ Խառատյանը, երկու տարով տեղափոխվեցին Երևան, բայց Հայաստանը դարձավ նրանց մշտական ​​տունը: Դրանից կարճ ժամանակ անց Թանիան ստանձնեց ՀԿՄ-ի ղեկավարումը և սկսեց իր կյանքի գործը։ Նրա ղեկավարությամբ ՀԿՄ-ն դարձավ վստահության խորհրդանիշ. կամավորներ եկան ավելի քան 50 երկրից, ծառայեցին տարբեր ոլորտներում, նրանցից շատերը մնացին ընդմիշտ: Թանիայի համար ծառայությունը երբեք պարզապես աշխատանք չէր, այլ մարդկանց, հաստատությունների և հենց Հայաստանի աճի համար պայմանների ստեղծում։

Թանիան քաջատեղյակ էր երկրի մարտահրավերների մասին, բայց նա հրաժարվում էր թերահավատ լինել։

«Հայաստանի ամենամեծ հարստությունն իր ժողովուրդն է»,– հաճախ էր ասում նա։ 
Նա հավատում էր, որ ամեն ինչ բարելավում են ջանքի, ոչ թե միայն լավատեսության շնորհիվ. նրա նվիրումը երբեք չթուլացավ։ 

Ռուդոլֆի հետ միասին նա հիմնադրեց «Բալետ 2021» հիմնադրամը՝ սատարելով Գյումրիում մշտապես գործող արվեստի կենտրոն ունենալու երազանքին։ 

Թանիայի համար արվեստը և քաղաքացիական ծառայությունը նույն նախագծի երկու կողմերն էին՝ օգնել Հայաստանին ծաղկել։

Զարգացման այգի

Բազմաշերտ լանդշաֆտային ձևավորմամբ Թանիայի այգին զգայական է, այն խրախուսում է փոխազդեցությունը, խոտաբույսերի և բուժիչ բույսերի առատ տարածք է, ինչպես նաև ունի գեղեցիկ ձևավորված փայտե խաղահրապարակ, որը ժամանակակից է իր դիզայնով, բայց անժամանակ՝ իր զգացողությամբ: 

Չնայած Թանիան սեփական երեխաներ չուներ, նա յուրաքանչյուր կամավորի, յուրաքանչյուր այցելուի և յուրաքանչյուր ընկերոջ վերաբերվում էր ինչպես իր ընտանիքի անդամի։ Խաղահրապարակն այժմ այդ ոգու շարունակությունն է թվում. մի վայր, որտեղ երեխաների ձայները բարձրանում են՝ արձագանքելով այն ուրախությունն ու ջերմությունը, որը Թանիան կրում էր իր աշխատանքի յուրաքանչյուր մասում։ 

Այգին շատ մտերմիկ է, լի տեղական բույսերով և ոլորուն արահետներով։ Դիզայներական թիմը սերտորեն համագործակցել է ՀԿՄ աշխատակիցների և կամավորների հետ, որ տարածքը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև անձնական։ Յուրաքանչյուր մանրուք՝ մտորումների համար նախատեսված փոքրիկ նստարանից մինչև շատրվան տանող քարե արահետ, ընտրվել է ուշադրությամբ: Այգին վայր է և՛ զուսպ, և՛ կյանքով լի. ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Թանիան:

Թանիային ճանաչած և նրա հետ աշխատած մարդկանց համար այգին նրա ոգու իսկական արտացոլումն է։ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի Հայաստանի գործառնությունների թիմի ղեկավար Լինդա Եպոյանը այգին նկարագրել է որպես արժանի հարգանքի տուրք։

«Թանիայի այգին ցուցադրում է ամենը, ինչ նա սիրում էր՝ ծաղիկներ, երեխաներ, բուժիչ խոտաբույսեր և կանաչ բաց տարածք», – ասում է Եպոյանը՝ անվանելով այգին Թանիայի կյանքի տոնակատարություն։ 

«Չնայած անցել է գրեթե չորս տարի, այստեղ լինելը մեզ բոլորիս հիշեցնում է, թե որքան անցողիկ է կյանքը և որքան շատ ենք նրան կարոտում», – նշում է նա։ 

Նույն հիացմունքը կիսում է նաև «Դեպի Հայք» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Սևան Կաբակյանը, որը տարիների ընթացքում սերտորեն համագործակցել է Թանիայի հետ. «Թանիան առանձնահատուկ էր, բայց միևնույն ժամանակ համեստ, հավասարակշռված և բարի, չափազանց քաղաքավարի»։ Որպես քույր կազմակերպություններ՝ ՀԿՄ-ն և Դեպի Հայք-ը կիսում են մեկ առաքելություն և հաճախ աշխատում են ձեռք ձեռքի տված։ Եվ իր սկզբունքային և նվիրված ղեկավարության շնորհիվ Թանիան նպաստել է այդ գործընկերության ավելի իմաստալից դառնալուն։ 

Այգին ստատիկ հուշարձան չէ, այլ մի տարածք, որը կշարունակի զարգանալ, ինչպես այն մարդիկ և ծրագրերը, որոնց զարգացմանը նպաստել է Թանիան։ 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշում է, որ Հիմնադրամը պատիվ ունի աջակցելու այգուն. «Այս նախաձեռնությունն արտացոլում է մեր վերաբերմունքը համայնքները զարգացնող և երկարատև ազդեցություն ապահոված մարդկանց նվիրված նախագծերին։ Մենք հպարտ ենք աջակցել այս տարածքին՝ ի հիշատակ Թանիայի, և հուսով ենք, որ նրա ծառայության և Հայաստանի հանդեպ սիրո ոգին կշարունակի ծաղկել այստեղ»։ 

Կենդանի հիշողություն և աճող ժառանգություն 

Թանիան մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին, 61 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ քաջ պայքարից հետո։ Նրա բացակայությունն առ այսօր զգում են նրան ճանաչածները, բայց Թանիայի ազդեցությունն ապրում է՝ նրա աջակցությամբ կյանքի իմաստ գտած կամավորների մեջ, գործընկերների, որոնց նա աջակցել է, համայնքներում, որոնց նա օգնել է ամրանալ։

Զբոսանքը Թանիայի այգում նրա ներկայության մասին հիշեցում է. սոճիների ճյուղերի ճոճը, նարդոսի բույրը, երեխաների և քամու միախառնված ձայները։ Այս տեղը ստեղծված է հիշողության համար, բայց նաև՝ շարժման։ Թանիան աջակցում էր մարդկանց աճին այգեպանի համբերատարությամբ և առատաձեռնությամբ։ Այժմ Հայաստանը նույն կերպ հոգատարություն է դրսևորում նրա մասին հիշողության հանդեպ։ 

Այգին կենդանի վայր է՝ լցված Թանիայի սիրով, բարությամբ և հիշեցմամբ. մեր՝ մարդկանց սրտերում ցանած սերմերը շարունակելու են աճել անգամ մեր մահից հետո։ 
______

Հարցազրույցներ.
Իմաստության խոսքեր Թանիա Շիշմանյանից, 2021
Կամավորություն. համայքների վրա ազդեցություն, կյանքերի փոփոխություն, 2020
Կամավորության «բաղադրատոմս», 2015

 

Tania Chichmanian at Genocide Memorial Institute (2018-2)
Համայնքային ծառայության ծրագիր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 2018
Tania Chichmanian at Genocide Memorial Institute (2018)
Համայնքային ծառայության ծրագիր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 2018
Tania and staff in 2018
Հայ կամավորների միության և «Դեպի Հայք»-ի աշխատակազմը, 2018
Wellness hike with AVC & Birthright Armenia staff (2)
Առողջության քայլարշավ HIKEArmenia-ի հետ, 2021
Wellness hike with AVC & Birthright Armenia staff
Առողջության քայլարշավ HIKEArmenia-ի հետ, 2021