Ինչ ենք մենք ֆինանսավորում

Հայկական դրամաշնորհներ

Ինչ ենք մենք ֆինանսավորում

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհներ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանության և կայուն զարգացմանը Հայաստանում

Դրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի շրջակա միջավայրի պաշտպանության դրամաշնորհներ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30, 2025 թ. (ֆինանսավորման մասին որոշումը՝ հոկտեմբերի սկզբին)

Կոնտակտային անձ՝ Անահիտ Հակոբյան, Ծրագրերի ղեկավար

Էլ․ հասցե՝ [email protected] 

 

I. Դրամաշնորհային ծրագրի նկարագիրը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հայտարարում է երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների տարածումն ու դիմակայունության ամրապնդումը Հայաստանում։

2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) աննախադեպ հնարավորություն է ստեղծում համահայկական և միջազգային մակարդակներում ուշադրություն հրավիրելու այս խնդիրների վրա և խթանելու պատրաստվածությունը պետական ու տեղական կառույցների մակարդակով։

Այս դրամաշնորհային փուլով հիմնադրամը նպատակ ունի խրախուսել ծրագրեր, որոնք նպաստում են էկոլոգիական կրթությանը, կայուն գործելակերպերի ներդրմանը և համայնքային մասնակցությանն ու լուծումների զարգացմանը։

Ծրագրերի առաջարկները պետք է կենտրոնանան ներքոհիշյալ նպատակներից առնվազն մեկի վրա։

II. Դրամաշնորհի նպատակներն ու խնդիրները

1. Դիմակայունության ամրապնդում կլիմայական ցնցումներին

Ծրագրեր, որոնք նպաստում են վաղ նախազգուշացման համակարգերի բարելավմանը, ենթակառուցվածքների կայունությանը, ինչպես նաև բնության վրա հիմնված և համայնքահեն լուծումների ներդրմանը՝ կլիմայական ռիսկերն իջեցնելու և էկոհամակարգերի ու համայնքների երկարաժամկետ կայունությունն ապահովելու նպատակով։

2. Բնական պաշարների կայուն օգտագործում
Նախաձեռնություններ, որոնք խթանում են հողերի և ջրերի կառավարումը, վերականգնվող էներգիայի կիրառումը և աղտոտման նվազեցումը՝ նպաստելով Հայաստանի անցմանը կանաչ տնտեսության։

3. Շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության և նորարարության խթանում
Ծրագրեր, որոնք նպաստում են էկոլոգիական կրթությանը, երիտասարդների և համայնքների ներգրավվածությանը, տեղական նորարարությունների զարգացմանը և կայունության մշակույթի ձևավորմանը։

III. Ծրագրին համապատասխանության չափանիշները

Բացի մեր կայքում «Ովքե՞ր կարող են դիմել» բաժնում նշված չափանիշներից, խնդրում ենք նկատի ունենալ նաև հետևյալը․

  • Կազմակերպությունները պետք է ունենան առնվազն երեք տարվա ծրագրային արդյունքներ։
     
  • Խրախուսվում են համագործակցային նախագծերը պետական և մասնավոր հատվածների, տեղական և միջազգային գործընկերների միջև։
     
  • Դիտարկվում են ինչպես մեկամյա, այնպես էլ բազմամյա նախագծեր։
     
  • Նախկին շահառուները կարող են դիմել միայն նախորդ դրամաշնորհի ստորագրումից 12 ամիս անց։

IV. Հայտերի ընդունման գործընթացը

Հայտերի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30, 2025 թ.
Մինչ այդ անհրաժեշտ է անցնել հետևյալ փուլերը՝

  1. Լրացնել համապատասխանության հարցաշարը մեր կայքում։
  2. Հարցաշարի դրական արդյունքի դեպքում կստանաք հրավեր՝ ներկայացնելու ծրագիր-հայեցակարգ (concept note) (առանց վերջնաժամկետի)։
  3. Հայեցակարգի հաստատման դեպքում կստանաք ամբողջական հայտի ձևը, որը պետք է ուղարկվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ էլ․ փոստով։

Խնդրում ենք նկատի ունենալ․

  • Մենք կընդունենք միայն 20–25 լրիվ հայտ տվյալ եռամսյակի համար։
  • Հայեցակարգերը կարող են ներկայացվել եռամսյակի ընթացքում՝ մինչև ամբողջական հայտերի սահմանաչափը լրանա նախքան վերջնաժամկետը։ 
  • Վաղ հայտերը ունեն ավելի մեծ հնարավորություն դիտարկվելու, քանի որ ուշ ներկայացված լավ հայեցակարգերն այլևս չեն դիտարկվի, եթե ամբողջական հայտերի քանակը լրացած լինի

 

Համապատասխանության ստուգում Հայկական դրամաշնորհների համար

ՍԿՍԵԼ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Ընդհանուր տեղեկություն

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ապահովում են առավելագույն ազդեցություն Հայաստանում՝ տեղի բնակչության, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, կրթություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։

Հասկանալու համար՝ արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհի պահանջներին, առաջարկում ենք ներքոհիշյալ ծանոթանալ Ծրագրին համապատասխանության չափանիշների և Ընդհանուր տեղեկության բաժիններին:

Միացյալ Նահանգներում IRS 501(c)(3) կատեգորիայի ներքո գործող բոլոր կազմակերպությունները, որոնց առաքելությունը կենտրոնացած է հայության կամ Հայաստանի շուրջ, իրենց ծրագրի առաջարկները պետք է լրացնեն այստեղ՝ Հայկական դրամաշնորհներ բաժնում։

Դիմումների ներկայացման գործընթացում առաջին քայլը համապատասխանության հարցաշարի լրացումն է։ Այն ձեզ թույլ կտա ստուգել՝ արդյոք 100 %-ով համապատասխանում եք ծրագրի պայմաններին, և կուղղորդի հետագա անելիքների հարցում։

Հարցերի դեպքում ուսումնասիրե՛ք ներքոհիշյալ Հաճախ տրվող հարցերի բաժինը, որտեղ հավելյալ մանրամասներ են տրամադրված։

Դիմումի գործընթացը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին դիմելու համար նախ մեր կայքում լրացրեք համապատասխանության հարցաշարը։

Հարցաշարի լրացումից հետո Հիմնադրամի անձնակազմը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելով դրամաշնորհի դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ուղարկե՛ք լրացված հայտն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին [email protected] էլեկտրոնային հասցեին ձեզ ուղարկված նամակում նշված ժամկետում։

Դրամաշնորհի հայտերը սովորաբար ընդունվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին, սակայն ձեզ համար նախատեսված վերջնաժամկետը կնշվի Հիմնադրամի կողմից ուղարկված նամակում։ Կազմակերպություններն իրենց հայտերի ընդունման վերաբերյալ ծանուցում կստանան։ Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի անձնակազմը, մինչ հայտը Խորհրդի գնահատմանը ներկայացնելը, կկապվի դիմորդի հետ հավելյալ պարզաբանումների համար։ Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի մանրակրկտորեն և կարժանանա հավասար վերաբերմունքի։

Հայտերի գնահատման և որոշումների կայացման գործընթացը սովորաբար իրականացվում է նշված վերջնաժամկետից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում։ Ծրագրի առաջարկները գնահատվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որից հետո բոլոր դիմորդները իրենց առաջարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացվում են գրավոր ծանուցմամբ։

Հաշվետվության պահանջները․

  • Բոլոր դրամաշնորհառուները պարտավորվում են տրամադրել միջանկյալ և ամփոփիչ նկարագրողական ու ֆինանսական հաշվետվություններ՝ դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ժամկետներում։ 
  • Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն զեկուցվող ժամանակահատվածում կատարված ծախսերն արտացոլող փաստաթղթերը։
  • Բոլոր նկարագրողական հաշվետվությունները պետք է ներառեն նկարներ ու տեսանյութեր, զեկուցվող ժամանակահատվածում իրագործված և հաջորդ փուլում նախատեսվող քայլերի նկարագիր, ինչպես նաև՝ մարտահրավերների, հաջողությունների և ազդեցության անկողմնակալ գնահատական։

Ծրագրին համապատասխանության չափանշիները․ ո՞վ կարող է դիմել

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում միայն հետևյալ պայմաններով․

  • Դիմորդը պետք է լինի գրանցված բարեգործական կազմակերպություն․ կարող է լինել ինչպես Հայաստանում պետականորեն գրանցված հիմնադրամ, հասարակական կազմակերպություն կամ այլ բարեգործական հաստատություն, այնպես էլ ԱՄՆ-ում IRS-ի կողմից 501(c)(3) կարգավիճակ ունեցող կազմակերպություն։

  • Կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք տարվա փորձ և ծրագրային արդյունքներ։

  • Ծրագրի գործողությունները պետք է ամբողջությամբ համընկնեն տվյալ եռամսյակի համար Հիմնադրամի կողմից հրապարակված ոլորտին և նպատակներին։

  • Նախկին դրամաշնորհի շահառու կազմակերպությունները կարող են կրկին դիմել միայն նախորդ դրամաշնորհի հաստատումից 12 ամիս անց։

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ չի տրամադրում՝

  • Գործառնական վերադիր ծախսերի համար,

  • Չգրանցված կազմակերպությունների կամ նախաձեռնությունների,

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ), անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և այլ շահույթ հետապնդող իրավաբանական անձանց,

  • Քաղաքական գործող խմբերի,

  • Այն ծրագրերի, որոնց նպատակը առևտրային վաճառքի համար արտադրանք ստեղծելն է։

Հայկական դրամաշնորհների հիմնական ոլորտները

  • Հունվարի 1 — Մարտի 31, 2025թ․ — Ծրագրերը պետք է թիրախավորեն կրթության առանցքային բաղադրիչները, խրախուսեն նորարարությունը և կրթության պետական ռազմավարությանն ու բարեփոխումներին համահունչ լինեն։ Հանրակրթության ոլորտում համակարգային և շարունակական բարեփոխումների ապահովման նպատակով կարևոր է, որպեսզի առաջարկվող ծրագրերը փոխկապակցված լինեն ոլորտում արդեն իսկ ծավալվող գործընթացներին։ Այս ծրագրի առաջնահերթություններից են ուսուցիչների և վարչական անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, սոցիալ-տնտեսապես անապահով շրջաններում կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը և գրավիչ ու ժամանակակից կրթական ծրագրերի մշակումը։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի աշակերտների համար հավասար հնարավորությունների ստեղծումը՝ մարզերի հանրակրթական դպրոցներում կրթության որակը բարձրացնելով։
  • Ապրիլի 1 — Հունիսի 30, 2025թ․ — Դրամաշնորհային մրցույթը թիրախավորում է արվեստի և մշակութային նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում մշակութային հաստատությունների զորեղացմանը, հանրային ներգարվման և արվեստի ստեղծագործությունների խրախուսմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։ Ծրագրի նպատակն է նպաստել թանգարանների, թատրոնների, արվեստի դպրոցների և այլ մշակութային կառույցների մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։ Ծրագիրը խրախուսում է արվեստի գործերի ստեղծումը և ներկայացումը՝ ընդսմին ընդլայնելով հանրային հասանելիությունը մշակութային փորձառություններին և կատարելագործելով մշակույթի գործիչների մասնագիտական կրթությունը։ Հայտարարության նպատակներից է նաև բարելավել ազգային ժառանգության վայրերը՝ դարձնելով դրանք առավել կենսունակ, հարմարեցնել մշակութային կոթողները, ինչպես նաև պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը։
  • Հուլիսի 1 — Սեպտեմբերի 30, 2025թ․ — Հիմնադրամը կընդունի նախագծային առաջարկներ, որոնք միտված են արտակարգ իրավիճակներին և աղետների ռիսկերին դիմակայունության ամրապնդմանը՝ վաղ նախազգուշացման համակարգերի, թարմացված ենթակառուցվածքների և համայնքային տեղայնացումների միջոցով։ Այս փուլում կշեշտադրվեն նաև այն նախագծերը, որոնք նպաստում են կանաչ միջավայրի ձևավորմանը և էներգախնայողությանը՝ հողերի և ջրային ռեսուրսների կայուն կառավարման, վերականգնվող էներգիայի օգտագործման և աղտոտման նվազեցման միջոցով։ Բացի այդ, Հիմնադրամը կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք խթանում են բնապահպանական կրթությունը և համայնքային ներգրավվածությունը՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը, նորարարության խրախուսմանը և կայուն գործելակերպերի զարգացմանը։
  • Հոկտեմբերի 1 — Դեկտեմբերի 30, 2025թ․ — Հիմնադրամը կընդունի նախագծային առաջարկներ, որոնք միտված են քաղաքացիական ակտիվության և պատասխանատու քաղաքացիության խթանմանը՝ ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կողմից նախաձեռնվող ծրագրերի միջոցով։ Նախագծերը կխրախուսեն առողջ ապրելակերպը՝ սպորտին մատչելիության բարձրացման, հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման տարածման և ընդհանուր բարեկեցության աջակցության միջոցով։ Հիմնադրամը կաջակցի նաև գիտության կրթության առաջխաղացմանը՝ ոչ ֆորմալ ԳՏՃՄ ուսուցման, թվային գրագիտության և երիտասարդների նախաձեռնած նորարարությունների խթանմամբ։ Վերջապես, կզարգացվեն կարիերային հմտությունները՝ փափուկ հմտությունների, քննադատական մտածողության, ձեռնարկատիրական ունակությունների և մասնագիտական ուղղվածությամբ հետաքրքրության ձևավորման միջոցով։

Հայկական դրամաշնորհներ․ հաճախ տրվող հարցեր

  • Մեր ֆինանսավորման առաջնահերթություններն այն ոլորտներն են, որտեղ մեր բարեգործական առաքելությունը և Հայաստանի համար ներկայիս հրամայականը խաչվում են․ մեր նպատակն է ներդրումների միջոցով ապահովել առավելագույն ազդեցություն երկրում՝ տեղի մարդկանց, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։
  • Հայկական դրամաշնորհին կարող են դիմել այն գրանցված կազմակերպությունները, որոնք բնույթով բարեգործական են, այսինքն՝ IRS 501(c)(3) կարգավիճակ ունեցող հայկական կազմակերպությունները, դպրոցները և եկեղեցիները Միացյալ Նահանգներում, ինչպես նաև պետության կողմից գրանցված հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսիք են ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները, այլ բարեգործական ընկերություններ և պետական գործակալությունները։
  • Հիմնադրամը չի ֆինանսավորում գործառնական վերադիր ծախսերը, օրինակ՝ աշխատավարձերը։ Սակայն այն ֆինանսավորում է անուղղակի ծախսերի առավելագույնը մինչև 20 %-ը․ դրանք կարող են ներառել սնունդի, հյուրանոցի և ճամփորդության ծախսերը։
  • Նախևառաջ լրացրե՛ք վերևում տրամադրված համապատասխանության հարցաշարը։ Այնուհետև՝ ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, ուղղորդում կստանաք հայտի ներկայացման հետագա քայլերի վերաբերյալ։
  • Դրամաշնորհի հայտ ներկայացնելու վերջնաժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ ծրագրի առաջարկները գնահատվում են ողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին (մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսների վերջին)։ Ժամանակային սահմանափակում ունեցող ծրագրեր ներկայացնելիս՝ առաջնորդվե՛ք հետևյալ ժամկետներով։
  • Այո՛, Հիմնադրամը դիտարկում է բազմամյա ֆինանսավորման հայտերը։
  • Այո՛, մենք արտակարգ իրավիճակներին ուղղված հայտերի դեպքում ճկունություն ենք ցուցաբերում միայն այն պարագայում, երբ ծրագրի առաջարկի թիրախում առաջնահերթ և հրատապ կարիք է, որն արագ արձագանք է պահանջում և չի կարող սպասել մինչև եռամսյակի ավարտը։
  • Դիմում-հայտերն ընդունվում են էլեկտրոնային փոստով, սակայն այս քայլը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հարցաշարի արդյունքում հաստատվում է ձեր համապատասխանությունը ծրագրի չափանիշներին։
  • Այո՛, կարող եք։ Մերժումների դեպքում մենք հետադարձ կապ ենք տրամադրում դիմորդին և լիահույս ենք, որ մեր դիտարկումները մանրակրկտորեն նկատի կառնվեն հետագա հայտերում։
  • Խորհուրդը ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։
  • Այո, գրանցված անձը կարող է ներկայացնել մեկից ավելի դրամաշնորհային առաջարկ եռամսյակային կտրվածքով: Սակայն առաջարկներից միայն մեկը կարող է հավանության արժանանալ դրամաշնորհի պայմանները բավարարելու դեպքում: