
Սատարելով հայի հաջողություններին
Այս տարվա մարտին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած Մուայ թայի աշխարհի 20-րդ առաջնությանը Հայաստանն ունեցավ իր հաղթական մասնակցությունը. մրցաշարին երկարատև պատրաստված երեք հայ մարզիկներ հայրենիք վերադարձան ոսկե մեդալներով՝ վաստակված քրտնաջան աշխատանքի, կամքի ուժի լավագույն դրսևորման և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցության արդյունքում։ Տղաների հաղթանակը կարևոր էր և՛ իրենց համար, և՛ Հիմնադրամի, որն արդեն երկրորդ տարին սատարում է հայի տաղանդի և ուժի՝ աշխարհի լավագույն հարթակներում դրսևորմանը։
Ռոման Քալաշյանը, Կարո Ոսկանյանը և Հայկ Վարդանյանը Հայաստանում թայ-բոքսի զարգացման շուրջ ակտիվ գործունեություն են ծավալում՝ ղեկավարելով այս մարտարվեստը ներկայացնող հայաստանյան կառույցներ: Ռոմանին, Կարոյին և Հայկին միջազգային ամենամեծ մրցաշարի՝ Աշխարհի առաջնության մասնակցության հնարավորություն տվեց Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհը, որը ծածկեց առաջնությանը մասնակցելու համար բոլոր ծախսերը՝ մասնակցության գումարը, միջազգային ավիափոխադրումը, կեցությունը, սնունդը:
Հայկական գյուղից՝ միջազգային ամենամեծ հարթակներ
Սպորտով զբաղվելուն և սպորտում ակնառու հաջողություններ գրացելուն չեն կարող խանգարել ո՛չ դրանց համար մինիմալ պայմանները, ո՛չ էլ այդ պայմանների բացակայությունը. այս հանգամանքը վստահությամբ կարող է փաստել Ռոմանը Քալաշյանն ու նրա կյանքի պատմությունը: Ռոմանն Արմավիր գյուղից է, որը Ռոմանի մանկության և պատանեկության տարիներին սպորտում հաջողելու պայմաններ գրեթե չուներ: Բայց ինչպես ասում է Ռոմանը՝ կարևորը նպատակն է. «Պայմաններ չկային, բայց ես շարունակում էի առաջ նայել»։ Ջանասիրությունն ու մարտական տրամադրությունը երիտասարդ մարզիկին հասցրել են տասնյակ պրոֆեսիոնալ մարտերի եզրափակիչ փուլերի: Բանգկոկում կայացած Աշխարհի առաջնությանը Ռոման Քալաշյանի մասնակցությունը հիշարժան դարձավ իր և Հայաստանի թիմի համար. նա իր հաղթանակը եզրափակիչ մարտում նոկաուտով գրանցեց (նոկաուտով է ավարտել նաև Հայկ Վարդանյանը):
Ռոմանն իր առաջ խնդիր է դրել Մուայ թայն ավելի հանրաճանաչ դարձնել Հայաստանում, այդ նպատակով էլ հիմնել է Tornado Fight Promotion ակումբը, որտեղ ստանձնել է նաև գլխավոր մարզիչի կարևոր և պատասխանատու դերը:
«Հայերը հաջողել ենք ըմբշամարտի անհատական ձևերում, բայց Մուայ թայը չի արժանացել բավարար ուշադրության։ Առաջընթաց, իհարկե, կա, և մենք պատրաստվում ենք դրական անդրադառնալ այդ առաջընթացի վրա», – ասում է Ռոման Քալաշյանը:
Վերադարձ՝ հանուն հաղթանակի
Կարո Ոսկանյանն իր առաջին հաղթական մարտն ունեցել է 2006 թվականին՝ Ուկրաինայում կայացած Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությանը, իսկ Թաիլանդի մայրաքաղաքում կայացած Աշխարհի առաջնությանը հանդես է եկել յոթ տարի տևողությամբ ընդմիջումից հետո՝ վաստակելով Առաջնության բաղձալի ոսկե մեդալը. «Ես ուզում էի ապացուցել ինձ և աշակերտներիս, որ երբեք ուշ չէ: Ես վերադարձա և ոսկե մեդալ շահեցի»:
Կարո Ոսկանյանը Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհների միջոցով կարողացել է ո՛չ միայն առաջնության ոսկե մեդալակիր դառնալ, այլև ստանալ պրոֆեսիոնալ դատավորի հավաստագիր, ինչն ավելի կարևոր է դարձնում մարզիկի՝ առաջնությունում հանդես գալը. «Հիմնադրամը տվեց մեզ այն, ինչի պակասը մեզ մոտ միշտ կա՝ իրական հնարավորություն: Մենք մասնակցել ենք բազմաթիվ մրցաշարերի և արել ենք դա անձնական միջոցներով: Միաժամանակ մենք բաց ենք թողել շատ հնարավորություններ, որովհետև չենք կարողացել մեզ թույլ տալ մասնակցությունն այդ մրցաշարերում»:
Կարոն հանդիսանում է Patriot Fight Clubի հիմնադիրը և Հայկ Վարդանյանի հետ աշխատում է Հայաստանում Թայ-բոքսի համար անհրաժեշտ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Չնայած նրան, որ մարտարվեստի այս ձևը հաճախակի է հանդիպում ֆինանսավորման խնդիրների, Կարոն առաջընթաց է տեսնում այս գործընթացում՝ ևս մեկ անգամ կարևորելով Հ. Հովնանյան հիմնադրամի առաքելությունը։
«Մեր այցելությունն արդյունավետ էր բոլոր առումներով, քանի որ Հայաստանը նաև ընտրվեց որպես Եվրոպայի բաց առաջնության վայր», – ներկայացնում է Կարոն։
Հայկ Վարդանյանն, ով զբաղեցնում է Patriot Fight Clubի փոխնախագահի և մարզիչի պաշտոնը, նույնպես բազմաթիվ մրցաշարերի մասնակից է, Ուկրաինայից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից հայրենիք է վերադարձել ոսկե մեդալներով: Բանգկոկում կայացած աշխարհի առաջնությունը հերթական գոտին ավելացրեց նրա հաշվին և հիշողություններ՝ կյանքի պատմությունում. «Անհավանական էր Մուայ թայի ծննդավայր հանդիսացող Թաիլանդում լինելն ու հայ մարզիկների հաղթանակներին ականատես լինելը: Մի պահ բոլորը հերթ էին կանգնել՝ ինձ հետ լուսանկարվելու համար, ես զգում էի, որ արժանացել եմ այդ ամենին»:
Միշտ լավագույնների կողքին
Բանգկոկում կայացած Առաջնությանը մասնակցություն են ունեցել մարզիկներ աշխարհի 58 երկրներից, Հայաստանի ներկայությունը չի սահմանափակվել երեք մարզիկների հաջողություններով. 12 մարզիկներից, որոնց թվում երեքը՝ կին, ևս երեքը վերադարձել են արծաթե մեդալներով, մեկը՝ բրոնզե մեդալով:
Ոսկե մեդալներով վերադարձած մարզիկները պատմություն են գրել ո՛չ միայն իրենց անձնական կյանքում, այլ նաև՝ Հայաստանի, որը փոքր երկիր լինելով հանդերձ, կարողացել է ներկայանալի լինել ամենաբարձր հարթակում և Մուայ թայի ծննդավայրում։
«Բարձրացնել Հայաստանի դրոշը նման պատվավոր բեմում հպարտության առիթ է մեր ամբողջ ազգի համար», – ասում է Կարո Ոսկանյանը։
Հենց սա է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհերի գլխավոր առաքելությունը՝ հնարավորություն ընձեռել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին միջազգային հարթակներում դարձնել լսելի հայի ձայնը, տեսանելի՝ նրա գործը:
Բաց կանչ՝ նոր տաղանդներին
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում է սատարման իր այս գործունեությունը՝ դրամաշնորհի բաց կանչ հայտարարելով հայերին, որոնք հաջողել են իրենց ոլորտում և միջազգային հարթակներում ներկայանալու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն: Դրամաշնորհին կարող են դիմել ոչ միայն սպորտի գործիչներ, այլ նաև արվեստի, գիտության, կրթության. դիմորդների մասնագիտական ուղղվածությունը չունի ոչ մի սահմանափակում:
Դրամաշնորհի վերաբերյալ բոլոր մանրամասնություններին ծանոթանալու համար այցելեք Հիմնադրամի պաշտոնական կայք:
Հիմնադրամը՝ երազողների ու գործողների կողքին
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհի բոլոր մասնակիցների, այդ թվում Կարոյի, Հայկի և Ռոմանի պատմությունները վառ ապացույց են նրա, որ ցանկության, համառության շնորհիվ հնարավոր է հասնել երազելի հանգրվանին: Արմավիրում ծնված Ռոմանն ասում է, որ ամեն ինչ սկսում է երազանքից, և երբեմն բավական է նույնիսկ ինչ-որ մեկի հավատը: Հայկը վստահ է, որ պայքարը ոչ մի կապ չունի տարիքի հետ: Կարոն էլ գիտի՝ ուղղակի ամեն ինչի մեջ պետք է հոգի դնել:
Իսկ ինչ վերաբերում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամին, այստեղ պատրաստ են աջակցել, երբ կա երազանք, քրտնաջան աշխատանք ու արդյունք և չհանձնվելու համառ որոշում:



