Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհերի հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ - [03.10.2024] Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհերի հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը: Այս տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը Հիմնադրամը նվիրում է աշխատուժի զարգացմանը և ընդունում ծրագրերի առաջարկներ՝ միտված այս ոլորտի բարելավմանը:
«Դրամաշնորհեր կտրամադրվեն այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին, մասնավորապես՝ կենտրոնանում են մեծահասակաների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում»,- ասում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը:
Դրամաշնորհերի հայտերը պետք է թիրախավորեն Հիմնադրամի կողմից սահմանված երեք խումբ նպատակները. մեծահասակների կարողությունների բարելավում, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացում, կրթական հաստատություններում կարիերայի կենտրոնների հզորացում։ Ծրագրերի առաջարկները պետք է հասցեագրեն տվյալ երեք խմբերում սահմանված ինը նպատակներից (տե’ս՝ կից հղումը) մեկը, լավագույն դեպքում՝ մի քանիսը։ Առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնք թիրախավորում են մի քանի խնդիր միաժամանակ:
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին կարող են դիմել շահույթ չհետապնդող կազմակերպությունները, կրթական կենտրոնները, համալսարանները, նախնական և միջին մասնագիտակական հաստատությունները: Հասանելի գումարի չափը այս եռամսյակի բոլոր դրամաշնորհների համար 250,000 ԱՄՆ դոլար է, որը կբաշխվի հաղթող մի քանի կազմակերպությունների միջև:
Հիմնադրամը խրախուսում է պետական և մասնավոր հաստատությունների միջև համագործակցությունն այս ոլորտում, ուստի երկու կամ մի քանի կազմակերպությունների համատեղ դիմումներին կտրվի նախապատվություն։ Որպես կարևոր պայման կհամարվեն նաև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները և հիմնավորումների հետազոտական հիմքերը։
Հայտադիմումների ընդունման մեկնարկը տրվել է հոկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչ դեկտեմբերի 30-ը:
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կայքում արդեն ներկայացված են գալիք տարվա առաջին երկու եռամսյակների թիրախ ոլորտները, որոնց մասին մանրամասն կհաղորդվի Հիմնադրամի կայքում և մամլո հաղորդագրությամբ։
***
1986 թվականից Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը ավելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք միտված են օժանդակելու աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին: